Օրերս Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում հանրահավաք է կազմակերպվել` նվիրված վերջին ժամանակներս հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներին:

Միտինգի գլխավոր կազմակերպիչը ` Սլովակիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել են տասնյակ քրիստոնյաներ Եգիպտոսում, Իրաքում եւ այլուր` կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի արդյունքում:

Քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված միտինգներ արդեն կազմակերպվել են մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում Հունաստանում, Ավստրիայում, Լեհաստանում եւ այլն: Բրատիսլավյան միտինգում ելույթ ունեցող կարեւոր բանախոսներից նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, դիմելով  Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին, հույս է հայտնել, որ Սլովակիան էստաֆետը կհանձնի Հայաստանին, որպես մուսուլմանական ճակատում քրիստոնեական պատվար հանդիսացող երկրի` համանման միտինգ կազմակերպելու համար:

ԵՀՄՖ-ը դիմում է հայկական ակտիվ կազմակերպություններին` սատարելու եվրոպական երկրների  կողմից ծավալված այս շարժումը` նվիրված քրիստոնյաների կյանքի դեմ սանձազերծված վտանգը կասեցնելու պայքարին: