Սմոլենսկում ավիավթարի զոհ դարձած Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) զեկույցը՝ ավիավթարի պատճառների մասին, համարել է «ծաղր Լեհաստանի նկատմամբ»:
Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի զեկույցում «առանց որեւէ ապացույցի մեղադրվում են միայն լեհ օդաչուներն ու Լեհաստանը»: Նրա խոսքով, սա պատճառ է նրա, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համաձայնեց, որ ավիավթարի գործով հետաքննությունը վարեն ռուսները:
Ավիավթարի զոհերի հարազատների մեծ մասը նույնպես քննադատում է կազմված զեկույցը, իսկ Դոնալդ Տուսկը զեկույցի հրապարակման հետ կապված ընդհատել է իր արձակուրդն ու վերադարձել հայրենիք:
«Վարչապետը վերադառնում է երկիր, որպեսզի ՆԳ նախարարի ու փորձագետների հետ մանրամասն վերլուծեն ռուսների հրապարակած զեկույցը»,- հայտարարել է լեհ նախարար Պավել Գրասը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միջազգային ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը հունվարի 12-ին լեհական կողմին է ուղարկել ՏՈՒ-154 օդանավի ավիավթարի հետաքննության վերջնական զեկույցը:
Վարշավան պնդում էր, որպեսզի վերջնական զեկույցը կազելիս հաշվի առնվեն լեհական կողմի դիտողությունները, հակառակ դեպքում Լեհաստանը առանձին զեկույց կպատրաստի:
Զեկույցի նախագիծը լեհական կողմին էր փոխանցվել դեռ 2010-ի հոկտեմբերին, որից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը այդ փաստաթուղթն անընդունելի էր համարել: Լեհական կողմը ՄԱԿ-ին էր հանձնել իր դիտողությունները զեկույցի մասին(150 էջ):
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 10-ին վթարի ենթարկված Լեհաստանի նախագահի օդանավում էին գտնվում նախագահը, նրա կինը եւ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ:





























