Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մշակույթի, լրատվամիջոցների, սպորտի եւ թվային տեխնոլոգիաների հարցերով կոմիտեի՝ Cambridge Analytica–ի կողմից սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների հավաքման հարցով հրավիրված նիստին ելույթ ունենալ,հաղորդում է The Independent–ը։
«Facebook–ը ամբողջությամբ գիտակցում է հանրային եւ խորհրդարանական շահագրգռվածությունը այս հարցում եւ սատարում է համոզմունքը, որ այդ հարցերը պետք է լուծվեն ընկերության ամենաբարձր մակարդակով»,–նշված է կոմիտեին ուղղված Միացյալ Թագավորությունում ընկերության հասարակական քաղաքականության բաժնի ղեկավար Ռեբեկա Ստիմսոնի նամակում:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ New York Times-ը հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բրիտանական Cambridge Analytica ընկերությունն անօրինական կերպով ստացել էր Facebook-ի 50 միլիոն օգտատիրոջ տվյալները: Հավաքված տվյալների հիման վրա հետազոտողները գնահատում էին ընտրողների քաղաքական նախասիրությունները եւ նրանց գովազդներ էին ցույց տալիս, որոնք ուղղակիորեն նրանց հետաքրքրությունների շրջանակում էին: Մասաչուսեթս նահանգի գլխավոր դատախազ Մարա Հեյլին հայտարարել է Facebook-ի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:




























