Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ բավականին հաջող էր: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա՝ նախկինում անհնար էր պատկերացնել, որպեսզի որեւէ հայտնի ամերիկյան պարբերական  Ղարաբաղի կամ ԼՂՀ որեւէ պաշտոնական ներկայացուցչի մասին նյութ հրապարակեր: Սակայն իրավիճակը փոխվել է: «Նախկինում եւս տարբեր տեսակի հանդիպումներ էին լինում, սակայն ելույթներ չկային: Հանդիպումների քանակը եւս ավելացել է»,- հավելեց Պողոսյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմը հնարավորություն ունի փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ միջազգային դիրքորոշման նկատմամբ: Բացի այդ, հայկական կողմը պետք է մեծացնի իր ակտիվությունը միջազգային հանրությանը շրջանում Ղարաբաղի եւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ իրազեկման բարձրացման առումով, այլ ոչ թե թուլություն թույլ տա իրեն ադրբեջանական քարոզչությանը արձագանքելու տեսքով, քանի որ տեղեկատվական պատերազմը դեռ շարունակվում է եւ ոչ ոք այն չեղյալ չի հայտարարել: