Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Սուրբ Ծնունդը դիմավորել է ԱՄԷ-ի Շարջա էմիրության հայկական եկեղեցում: Կիրկորովն Էմիրաթներում եղել է «Սպարտակի» ֆուտբոլիստ Իվան Սաենկոյի, «Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի, նաեւ ուկրաինուհի երգչուհի Անի Լորակի եւ նրա թուրք ամուսնու հետ:
Նրանք Սուրբ Ծննդին այցելել են հայկական եկեղեցի, որտեղ Կիրկորովը չի տեսել Փիլիպոս առաքյալի սրբապատկերը եւ նեղվել է: Իմանալով, որ ԱՄԷ-ի ուղղափառ համայնքը կրում է Սուրբ Փիլիպոսի անունը, նա զգալի գումար է նվիրաբերել համայնքին, հաղորդումէ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Ավելի վաղ որոշ հայկական լրատվամիջոցներ գրել էին, թե Կիրկորովը ցանկություն է հայտնել համերգներով հանդես գալ Հայաստանում: Նա, իբր, խոստովանել է, որ հայ հասարակությունը մի քանի տարի առաջ լրիվ իրավունք է ունեցել բոյկոտել իր համերգի կազմակերպումը Երեւանում: Երգիչը մի քանի տարի առաջ լկտի արտահայտություններ էր արել հայազգի լրագրող Իրինա Արոյանի հասցեին, եւ 2005թ. կայանալիք համերգը չեղյալ էր հայտարարվել:
Միեւնույն ժամանակ Հայաստանում բավական ջերմ վերաբերմունք ունեն նրա հոր` Բեդրոս Կիրկորովի նկատմամբ, ով սեպտեմբերին «Կարոտ» փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան:





























