Հայաստանի հնագույն կուսակցությունունը ղեկավարության կազմում սերնդափոխության կարիք ունի: Այս մասին մարտի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ կիրակի տեղի ունեցած Գերագույն ժողովի նիստին մասնակցել են Ղարաբաղի, Կանադայի, Սփյուռքի շատ այլ կուսակցական կառույցների ներկայացուցիչներ: «Երկօրյա նիստի ընթացքում քննարկվել եւ վերլուծվել է ինչպես միջազգային իրադրությունը, այնպես էլ Հայաստանի ներքին իրավիճակը, կուսակցության վերջին տարիների գործունեությունը, գոյություն ունեցող մարտահրավերները, ժամանակակից քաղաքական, կազմակերպական եւ քարոզչական հարցերը, որոնք լուծման կարիք ունեն»,- պարզաբանեց Համբարձումյանը:
Ըստ որում՝ ինչպես նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը, ժողովի ընթացքում հաստատվել է քաղաքական այն ուղղությունը, որն ընտրել է կուսակցությունը: Հաստատվել են նաեւ որոշակի սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ուղղված նոր աշխատատեղերի ստեղծմանը, դրանց հետագա աճի ապահովմանը, ժողովրդավարության ընդալայնման ակտիվ քաղաքականության իրականացմանը, ինչպես նաեւ հանրության եւ իշխանության միջեւ վստահության մակարդակի բարձրացմանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ նախկինում Գերագույն մարմինը կազմված էր 13 անդամից, իսկ հիմա՝ միայն 9: Ըստ որում՝ նրանցից 6-ը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են: Արսեն Համբարձումյանի հավաստիացմամբ՝ այդպիսով կուսակցությունը, ըստ էության, ղեկավարության մեջ սերնդափոխություն է պատրաստում, քանի որ կառավարության եւ խորհրդարանի ՀՅԴ ներկայացուցիչ անդամները շատ զբաղված են եւ չեն կարող բավարար ժամանակ հատկացնել զուտ կուսակցական հարցերին:
Նշենք, որ ՀՅԴ ավանդաբար փակ Գերագույն ժողովին մասնակցել է մոտ 100 կուսակցական:




























