Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բնակելի շենքը, որը ստեղծվել է 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով, մարտին շահագործման է հանձնվել Նանտ քաղաքում, հայտնում է Ouest France պարբերականը:
Բնկարանաշինության ոլորտում ինովացիոն նախագիծը կոչվում է Yhnova: Դրա հեղինակները պնդում են, որ խոսքը համաշխարհային մասշտաբի եզակի տեխնոլոգիայի մասին է: Բոտյեր թաղամասում գտնվող շենքը կառուցվել է մեկ 3D պրինտերի միջոցով:
Շինարար ռոբոտը 54 ժամում կառուցել է ապագա բնակելի շենքի պատերը, որի մակերեսը կազմում է 95 քառ.մետր: Նրա աշխատանքը կառավարել են 2 օպերատոր: «Կարող էինք կառուցել նաեւ 33 ժամում»,- նշել է ռոբոտը ստեղծողներից մեկը՝ Բենուա Ֆյուրեն:
Շենքի պատերի կառուցման աշխատանքները կատարվել են դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին: Այնուհետեւ ընդհատվել է, որպեսզի պոլիուրեթանային խառնուրդն ու բետոնը չորանան, որից հետո սկսվել է աշխատանքների հաջորդ փուլը, որոնք դեռեւս շինարար ռոբոտներին հասանելի չեն՝ պատուհանների եւ դռների մոնտաժը, ներքին հարդարումը, հաղորդալարերի անցկացումը եւ սանհանգույցների սարքերի տեղադրումը:
Նոր տեխնոլոգիայով կառուցված շենքը տարբերվում է նաեւ ֆուտուրիստական դիզայնով: Այն դասվել է սոցիալական բնակարանների կարգին: Փորձարարական կառույցում մեկ քառ.մետրի արժեքը չի հրապարակվում, սակայն նախատեսվում է, որ արդեն ամռանը այնտեղ կտեղափոխվեն առաջին բնակիչները: Առայդմ շենքի դռներ բաց են հետազոտողների, ճարտարապետների, դիզայներների համար:
«Yhnova-ն ամբողջ աշխարհում հետաքրքրություն է առաջացրել: Հիմա գործընկերներից մեկը նախագիծ է ներկայացնում Կոպենհագենի համաժողովում, ամեն շաբաթ հարցումներ ենք ստանում: Երբ 3 տարի առաջ նախագիծը սկսեցինք, մեզ ասում էին, որ Չինաստանում արդեն վաղուց են տներ տպագրում 3D պրինտերներով, իսկ հիմա իրենք չինացիներն են գալիս մեզ մոտ տեսնելու, այնպես որ՝ արդեն Չինաստանի եւ նույնիսկ Մադագասկարի համար նախագծերի հույս ունենք»,- ասել է Բենուա Ֆյուրեն:
Գյուտարարը նշել է, որ 3D պրինտերի տեխնոլոգիաներն առաջին հերթին նախատեսված են պրոֆեսիոնալ շինարարների աշխատանքի դյուրացմանը:




























