ՀՀ մարզպետներին հանձնարարվել է զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների տարեկան ծրագիր մշակել: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ կառավարությունը մարտի 29-ին կայացած նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ մարզպետները պարտավոր են մինչև կոնկրետ տարվա փետրվարի 15-ը միջոցառումների ծրագիր ներկայացնել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հաստատմանը: 2018 թվականի միջոցառումների ծրագիրը պետք է ներկայացվի մինչեւ ապրիլի 15-ը:

Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման 2017-2025 թվականների ռազմավարությունը, որը կառավարության կողմից ընդունվել էր 2017 թվականի հուլիսի 6-ին, հաշվի առնելով տեղական ներուժը, ուղղված է տարածաշրջանի մրցունակության բարձրացմանը, ներքին եւ միջազգային տնտեսության մեջ ինտեգրմանը և հավասարաչափ զարգացմանը, այդ թվում նաև՝ սահմանամերձ տարածքների:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրել է, թե ինչու մարզպետները պետք է միջոցառումների ծրագիրը ներկայացնեն մինչեւ փետրվարի 15-ը, երբ կառավարական գերատեսչությունները նման զեկույցներ ներկայացնում են մինչեւ հունվարի 15-ը, ինչին ի պատասխան Լոքյանը նշել է, որ այս հաշվետվությունները մշակվում են կառավարական ծրագրերի հիման վրա:

«Հնգամյա պետական ծրագիրն արդեն հաստատվել է: Ես առաջարկում եմ հետաձգել այս վերջնաժամկետը մինչեւ հունվարի 15-ը»,- ասել է վարչապետը: Դավիթ Լոքյանը հակադարձել է՝ նշելով, որ հունվարին մարզպետարանները գնահատականներ են տալիս ըստ գերատեսչություննեի, իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները հրապարակվում են ավելի ուշ: «Ոչինչ, ավտոմատ կերպով գնահատական կտանք, դրանք զուգահեռ գործընթացներ են: Հաջորդ տարի մարզպետարանները միջոցառումների ծրագիրը կներկայացնեն մինչև հունվարի 15-ը»,- պնդել է Կարեն Կարապետյանը: