Արցախում 18 տարի ականազերծման աշխատանքերով զբաղվող բրիտանական HALO Trust կազմակերպությունն այսօր՝ մարտի 29-ին, տեղի ունեցած հակատանկային ականի պայթյունի դեպքն ուսումնասիրելու համար արտասահմանից փորձագետների է հրավիրել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակից:
«Մենք սերտորեն աշխատում ենք ԼՂ-ի ոստիկանության եւ իշխանությունների հետ, բացի դրանից դրսից հրավիրել ենք փորձագետների, որպեսզի կարողանանք լիարժեք փաստեր ներկայացնել պատահարի մասին: Ամեն օր աշխարհի տարբեր մասերում ՀԱԼՈ-ի անձնակազմի ավելի քան 8,000 անդամներ այնպիսի վայրերում են աշխատում, որտեղ նույնիսկ մուտք գործելն է վտանգավոր եւ այս ողբերգական պատահարը եւս մեկ անգամ ցույց է տալիս մեր աշխատանքի կարեւորությունն ու այն վտանգը, որի հետ առնչվում են։ Մեր գործընկերները մահացել են աշխատանքի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքը ապահով էին դարձնում»,- ասել են կազմակերպությունից:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել մարտի 29-ին առավոտյան Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում: Պայթյունի հետեւանքով մահացել են ականազերծման աշխատանքներին մասնակցող Պավել Հակոբովը, Մարատ Պետրոսյանն ու Սամսոն Ավանեսյանը: Եվս երկու սակրավոր վիրավորվել է՝ Արամ Մկրտչյանն ու Գարիկ Գոհիրյանը: Երկուսն էլ տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Գոհիրյանի վիճակը ծանր է գնահատվում, նրա ստորին վերջույթներն անդամահատել են:




























