ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Amazon ընկերությանը մեղադրել է, որ հարկերը մինչեւ վերջ բյուջե չի մուտքագրում եւ սնանկացման է հասցնում փոքր խանութներին, որոնք նրա հետ չեն կարողանում մրցակցել: Նա այս մասին նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես Amazon-ի առիթով իմ մտահոգությունը հայտնել եմ ընտրություններից շատ առաջ,- հայտարարել է Թրամփը: - Ի տարբերություն մյուսների՝ այն քիչ է հարկեր վճարում կամ ընդհանրապես չի վճարում նահանգների եւ տեղական ինքնակառավարման բյուջե, մեր փոստային համակարգն օգտագործում է ինչպես իր պատվերների ցրիչ՝ դրանով ահռելի վնաս հասցնելով ԱՄՆ-ին, եւ սնանկացնում է հազարավոր փոքր առեւտրային ընկերությունների»:
Չորեքշաբթի լրատվական Axios պորտալը հայտնել էր, վկայակոչելով Թրամփին մերձավոր աղբյուրին, որ ԱՄՆ նախագահը քննարկում է Amazon ընկերության համար հարկային ռեժիմի խստացման հնարավորությունը, ինչպես նաեւ չի բացառում մենաշնորհների դեմ պայքարի եւ մրցակցության պաշտպանության օրենսդրության շրջանակում նրա դեմ միջոցառումների կիրառումը: Այս հրապարակումից հետո չորեքշաբթի Amazon-ի արժեթղթերի փոխարժեքը նվազել էր ավելի քան 7 տոկոսով, ինչի հետեւանքով ընկերության կապիտալիզացիան նվազել էր ավելի քան 53 մլրդ դոլարով: Հինգշաբթի կորպորացիայի արժեթղթերի արժեքը բարձրացել է, սակայն ամբողջությամբ չի վերականգնվել:
Չորեքշաբթի Սպիտակ տան ներկայացուցիչը Reuters-ին հայտնել էր, որ ներկայումս Թրամփի վարչակազմը Amazon-ի նկատմամբ կոնկրետ միջոցառումներ չի քննարկում՝ հավելելով, որ վարչակազմը տարբեր տարբերակներ է ուսումնասիրում: Անցյալ տարվա դեկտեմբերին Դոնալդ Թրամփը Twitter-ում հանդես էր եկել այն բանի օգտին, որ ամերիկյան պետական փոստային ծառայությունը բարձրացնի վճարը, որը պահում է Amazon-ից՝ ապրանքները գնորդներին հասցնելու համար:



























