«Ինչպե՞ս ապրել: Դատարկություն է...», - ասում է Սարգիս Խումարյանը, ով Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կորցրել է որդուն եւ թոռանը: «Դոժձ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Խումարյանը նշել է, որ իրեն որդու դիակը ցույց չեն տվել. ինքնությունը ստիպված էր հաստատել ձեռքի ժամացույցով եւ փոքրիկ սրբապատկերով:
«Ինչպե՞ս ապրել: Շուրջբոլորը դատարկություն է...Ի՞նչ հետաքրքրություն կա. Էլ չի լինի ո՛չ հարսանիք, ո՛չ ծնունդ: Ինձ ոչինչ չի հանգստացնի: Ես այնպիսի մի արծվի կորցրեցի: Ինձ ոչինչ չի հանգստացնի»,- արցունքներն աչքերին ասում է տղամարդը:
Նրա խոսքով՝ այդ օրը տղան եւ թոռը որոշել էին գնալ կինոթատրոն մուլտֆիլմ դիտելու: Որոշ ժամանակ անց նրան զանգահարել է հարսը եւ խնդրել վազել «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոն: «Ես վազեցի այնտեղ, ինձ ներս չթողեցին: Ես ասում էի, որ այնտեղ իմ որդին է, թոռը: Ինձ ներս չթողեցին: Նստացրեցին ինչ-որ ավտոբուս»: Սարգիսն ասում է, որ հետո երազում տեսել է որդու մահը. «Նա փրկում էր երեխաներին: Նա ողջ կմնար, եթե ցանկանար, բայց մարդկանց էր փրկում»:
Սարգիսը վրդովված է, որ մինչ այժմ չի տեսել որդու եւ թոռան դիակները: Նա հաստատել է որդու ինքնությունը ձեռքի ժամացույցով եւ փոքրիկ սրբապատկերով: Նրա խոսքով՝ սրբապատկերը չափազանց փոքր էր, այն չէին կարող գտնել հատակից, ուստի հանել էին մարմնի վրայից: Նրան վրդովվեցնում է այն հանգամանքը, որ մահացածների մարմինները հարազատներին չեն հանձնում: «Դա քրիստոնեաբար չէ՝ այդքան երկար ժամանակ պահել մարմինները»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ Կեմերովում «Զինմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, 64 մարդ է մահացել, որոնցից 41-ը երեխաներ են: Մահացածների թվում նաեւ երկու հայ կա: Ինչպես հայտնել է Ռուսաստանի հայերի միության կեմերովյան գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը, զոհվածները հայր եւ որդի Գալանին Դմիտրի Սարկիսովիչն ու Գալանին Միխային Դմիտրիեւիչն է: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10:




























