Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Վարչապետը համագործակցության եւ արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի անձնական ներդրումն ու ջանքերը: «Այսօր պետք է արձանագրենք, որ մենք ունիկալ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանալ, մանավանդ, որ աշխատանքի մեծ դաշտ ունենք եւ առհասարակ ցանկացած բարեկամության պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ պետք է անընդհատ աշխատել: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք եւ վստահ եմ, որ Դուք մեզ չեք մոռանա: Միշտ ուրախ կլինենք Ձեզ տեսնել Հայաստանում», - դիվանագետին ասել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ աշխատանքի մեծ դաշտ կա:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ իր համար մեծ պատիվ էր աշխատել բարեկամ Հայաստանում եւ իր ներդրումն ունենալ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել համագործակցության եւ ջերմ հարաբերությունների համար: Հայաստանից հեռանում եմ խառը զգացողություններով, քանի որ այստեղ ինձ զգում էի ինչպես հայրենիքում: Վստահ եմ, որ Երեւանից հեռանալով չեմ դադարի կապ ունենալ Հայաստանի հետ», - նշել է դեսպանը:




























