Մոսկվան արտաքսում է լիտվացի երեք դիվանագետի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիտվայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռասա Յակիլայտենեն: «Ես հաստատում եմ, որ ՌԴ-ն արտաքսում է երեք դիվանագետի: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում պետք է հեռանան Ռուսաստանից»,- ասել է նա:

Բացի այդ, Մոսկվան արտաքսում է նաեւ երկու իտալացի դիվանագետի: «Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը մարտի 30-ին հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳՆ: Այս կապակցությամբ Առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրենը (Իտալիայի հետ կապերի գծով պատասխանատու) հավատարմատարին բանավոր նոտա է հանձնել, որում Մոսկվան հայտարարում է Իտալիայի դեսպանատան երկու աշխատակցի արտաքսման վերաբերյալ իր որոշման մասին»,- նշվում է Իտալիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Դիվանագետներին մեկ շաբաթ է տրվել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու համար:

Այսօր Ռուսաստանի ԱԳՆ են կանչվել նաեւ ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները: Նրանց բողոքի նոտաներ են հանձնվում եւ հայտարարվում է Սկրիպալի գործի ֆոնին ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան քայլերի մասին: