ԱՄՆ Կոնգրեսի անդամները ցավակցություններ են հայտնել մարտի 29-ին ականի պայթյունի հետեւանքով զոհված HALO Trust կազմակերպության զոհված աշխատակիցների ընտանիքներին:
Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերը եւ Դեվիդ Վալադոնոն, ինչպես նաեւ Ադամ Շիֆը եւ Բրեդ Շերմանը միջադեպի կապակցությամբ հայտարարություններ են արել, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:
Կոնգրեսական Փալոնեն, մասնավորապես, նշել է, որ կշարունակի աշխատել Կոնգրեսում իր գործընկերների հետ` անվտանգ ականազերծման ապահովման համար:
«Արցախի ժողովուրդը շարունակում է տառապել պատերազմի ավերիչ հետեւանքներից՝ ցամաքային ականներից աշխարհում ամեն մի շնչին ընկնող ամենաբարձր աստիճանի միջադեպերից, որոնցից մեկ երրորդը կապված է երեխաների հետ», - ասել է Սփիերը:
Պայթյունի արդյունքում մահացել են Պավել Ակոպովը, Մարատ Պետրոսյանը եւ Սամսոն Ավանեսյանը: Եվս երկու սակրավոր՝ Արամ Մկրտչյանը եւ Գարիկ Գոհիրյանը, վիրավորվել են:




























