BuzzFeed-ը հրապարակել է նամակի տեքստը, որը Facebook-ի թոփ-մենեջերը ուղարկել է ընկերության աշխատակիցներին: Նամակում նշված է, որ սոցցանցի լսարանի մեծացմանն ուղղված բոլոր գործողություններն արդարացված են, նույնիսկ եթե դրանք վնաս հասցնեն, հայտնում է ՌԲԿ-ն:
2016 թվականի հունիսին Facebook-ի բոլոր աշխատակիցներին ներքին նամակ է ուղարկվել՝ «Անճոռնի» անվանումով, տեղեկացել է BuzzFeed-ը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ ժամանակ ընկերության թոփ-մենեջերի պաշտոնը զբաղեցնող Էնդրյու Բոսուորթը նամակում գնահատել է տարբեր եղանակները, որոնցով կազմակերպության աշխատակիցները կարող են օգտվել ընկերության աճի համար:
«Մենք մարդկանց միավորում ենք: Վերջակետ: Ահա թե ինչու ընկերության աճի համար կատարած մեր ամբողջ աշխատանքն արդարացված է»,- հայտարարել է նա նամակում: Բոսուորթի կարծիքով՝ սոցցանցի լսարանի մեծացման համար Facebook-ի աշխատակիցները կարող են կիրառել «շփումների ներմուծման բոլոր կասկածելի պրակտիկաները», ինչպես նաեւ շարունակել օգտվել «խորամանկ լեզվից, որը մարդկանց օգնում է իրենց ընկերների կողմից հեշտ գտնվող լինել»: «Հավանաբար մի օր մենք այս աշխատանքը կկատարենք նույնիսկ Չինաստանում»,- գրել է Բոսուորթը՝ շեշտելով, որ սոցցանցի լսարանի մեծացումը պետք է ցանկացած գնով ապահովվի:
«Մենք իրար ենք միավորում ավելի շատ մարդկանց»,- հուշագրի մեկ այլ բաժնում պնդել է նա՝ նշելով սակայն, որ դա կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ: «Ինչ-որ մեկի համար սա կարող է կյանքի գին ունենալ, եթե նրան խուլիգանները հայտնաբերեն, իսկ ինչ-որ մեկը, հնարավոր է, զոհվի ահաբեկչական հարձակումից, կազմակերպված մեր գործիքներով»,- նշել է Բոսուորթը:
My statement on the recent Buzzfeed story containing a post I wrote in 2016 pic.twitter.com/lmzDMcrjv5
— Boz (@boztank) 29 марта 2018 г.
Facebook-ի աշխատակիցները, ինչպես հիշեցնում է BuzzFeed-ը, նման նամակ են ստացել այն բանի հաջորդ օրը, երբ հանցագործը սոցցանցով ուղիղ հեռարձակում անցկացնելով՝ Չիկագոյում տղամարդու է սպանել:
Facebook-ն այս հուշագրի առիթով օպերատիվորեն մեկնաբանություններ ներկայացնել չի կարողացել: Սակայն Twitter-ի իր էջում, ինչպես նշում է պարբերականը, իրավիճակը մեկնաբանել է Էնդրյու Բոսուորթը. «Ես այսօր այս պնդումներին համաձայն չեմ, եւ նույնիսկ համաձայն չէի այն ժամանակ, երբ գրում էի»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ այդ ուղերձի նպատակն էր ցույց տալ «խնդիրները, որոնք, իր կարծիքով, մեծ քննարկման էին արժանի»: «Նման խիստ թեմաների շուրջ բանավիճելը մեր աշխատանքային գործընթացի կարեւոր մասն է: Եվ որպեսզի դա արդյունավետորեն արվի, մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու նույնիսկ վատ գաղափարները, սակայն միայն այն դեպքում, որ դրանք վերացնենք»,- նշել է նա:




























