«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ ինչպես ամանորյա գիշերն, այնպես էլ հաջորդող հանգստյան օրերին Հայաստանի ամբողջ տարածքում ընկերության բոլոր տեխնիկական համակարգերն աշխատել են անխափան: Ընկերության ցանցերում խափանումներ չեն գրանցվել:

2010թ-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2011թ-ի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Beeline բջջային ցանցի բաժանորդներն ուղարկել են ավելի քան 860 000 SMS հաղորդագրություն եւ իրականացրել 4.6 միլիոն զանգ` 1 րոպե 08 վայրկյան միջին տեւողությամբ: Նշված ժամանակահատվածում ֆիքսված ցանցի բաժանորդները կատարել են շուրջ 4.9 միլիոն զանգ` 2 րոպե 2 վայրկյան միջին տեւողությամբ: Ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդների կողմից կատարած զանգերի ընդհանուր տեւողությունը համազոր է 28 տարի տեւողությամբ մեկ զանգին:

Ընկերության մամուլի ծառայության տեղեկացմամբ, 2010թ-ի դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչեւ 2011թ-ի հունվարի 1-ի ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում Beeline շարժական ինտերնետի բաժանորդներն օգտագործել են 1ՏԲ տեղեկատվություն: Ընկերության տվյալների փոխանցման արտաքին կապուղիներով դեկտեմբերի 31-ի ժամը 12:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 12:00-ը փոխանցվել/ստացվել է 32.8 Տեռաբայթ տեղեկատվություն, որից 3.52 ՏԲ 2010թ-ի վերջին 2 ժամվա, իսկ 3.09 ՏԲ 2011թ-ի առաջին երկու ժամվա ընթացքում: