Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչները գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գյուղացիները նշել են, որ եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թվականներին՝ Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական բնակության եկած հայերի կողմից։ Այն գործել է մինչեւ 1920 թվականները, որից հետո վերածվել է պահեստի։ 1970-ականներին եկեղեցին սկսվել է փլուզվել։
Գյուղի բնակիչները որոշել են նույն տեղում կառուցել եկեղեցի եւ այդ ժամանակ էլ հայտնաբերել են խաչքարեր ու տապանաքարեր: Գտնվել են նաեւ 12 ժայռափոր խաչքարեր, որոնք էլ հիմք են ծառայել եկեղեցու կառուցման համար:
Հայտնաբերված խաչքարերի եւ տապանաքարերի մասին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն արդեն տեղեկացրել է համապատասխան կառույցներին, իսկ գյուղապետն էլ արդեն խոսել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան վարչության պատասխանատուների հետ, որոնք խոստացել են, որ մի քանի օրվա ընթացքում կայցելեն գյուղ։




























