Արեւմտյան իրանական Քերմանշահ նահանգի Սարպոլ-է-Զահաբ քաղաքում կիրակի օրը 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն 15 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:

«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 15 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտարարել է նշված նահանգի առողջապահական ծառայության ներկայացուցիչ Մազիար Թահմասեբին:

Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի թարմացված տվյալների՝ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրան-Իրաք սահմանի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արեւմուտք,  Սարպոլ-Ի-Զահաբ քաղաքից 25 կմ դեպի հարավ եւ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 163 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: