Telegram–ի իրավաբանները «Ռոսկոմնադզոր»–ին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը ծածկագրման բանալիների տրամադրման պահանջի կատարման անհնարինության մասին։ Այս մասին հաղորդել է ընկերության իրավաբան Դմիտրի Դինզեն։ 

«Ծառայության ադմինիստրատորը ներկա ճարտարապետությամբ ոչ մի դեպքում հասանելիություն չունի տեղեկությանը, որը հնարավորություն է տալիս ապակոդավորել ընդունվող, փոխանցվող, ուղարկվող եւ մշակվող էլեկտրոնային հաղորդագրությունները»,–նշված է Telegram–ի պաշտոնական հայտարարության մեջ։  

Հիշեցնենք, որ ԱԴԾ-ը պահանջել էր Telegram-ի տվյալների բազա մուտք գործելու կոդերը, որպեսզի հետեւի բաժանորդների հաղորդագրություններին: Telegram-ը ԱԴԾ-ի պահանջը մերժել էր՝ համարելով դա անօրինական, քանի որ բաժանորդների անձնական տվյալները օրենքով պաշտպանված են: ԱԴԾ-ը  դիմել էր դատարան՝ պնդելով, որ բաժանորդների հաղորդագրություններ անձնական տվյալներ չեն: Գերագույն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ ԱԴԾ-ի: 

«Ռոսկոմնադզոր»-ը 15 օր ժամանակ է տվել Telegram-ին՝ մուտքի կոդերը ԱԴԾ-ին հայտնելու համար: Եթե ընկերությունը այդ պահանջը չկատարի, հիմա էլ «Ռոսկոմնադզոր»-ը կարող է սպառնալ դիմել դատարան՝ պահանջելով Ռուսաստանում արգելափակել Telegram-ը: