Պատերազմի վետերանների եւ Հայաստանի զինված ուժերի կոմիտեն աշխատում է երիտասարդների հետ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է կոմիտեի նախագահ, հայտնի «չորս մայրցամաքների հետախույզ», ճակատային մարտիկ եւ հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, աշխատանքը տարվում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային երիտասարդական կազմակերպությունների հետ:

Կոմիտեի կարեւոր նպատակը երիտասարդներին Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի մասին պատկերացումը փոխանցելն է : «Պատերազմից հետո կար 300 հազար վետերան, այժմ ավելի քան 400 մարդ է մնացել: Քանի դեռ, վետերանները ողջ են, պետք է անձամբ երիտասարդներին փոխանցեն մեր Հաղթանակի մասին պատկերացումը», - ընդգծել է Պետրոս Պետրոսյանը:

2016 թվականին ստեղծվեց «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» հատուկ Խորհուրդը, որը ղեկավարում է Արմեն Այվազյանը: «Մենք մշտական ​​կապի մեջ ենք: Հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, եւ այդ նպատակով մենք ակտիվորեն համագործակցում ենք երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ, հանդիպումներ ենք անցկացնում դպրոցներում, զորամասերում, կազմակերպում ենք քաջության դասեր, ցուցահանդեսներ, աշխատում ենք թանգարանների եւ Պաշտպանության նախարարության հետ:

Վետերանները պատմում են պատերազմի մասին, ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում հայերի ավանդի մասին, ասել է գնդապետ Պետրոսյանը:

Նրա խոսքով կարեւոր նշանակություն ունի երկրում իրականացվող «Ազգ-բանակ» նախաձեռնությունը:

Մայիսյան տոների նախօրեին տեղի են ունենում շաբաթօրյակներ, Մեծ Հայրենական պատերազմի հերոսներին, Արցախի եւ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների հարակից տարածքը մաքրվում է: Կոմիտեն համագործակցում է նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի վետերանների հայկական կազմակերպությունների հետ: «Ամեն տարի նրանց ներկայացուցիչները գալիս են, ամեն կերպ նրանց աջակցում ենք, տալիս ենք նյութեր եւ փաստաթղթեր», - ասել է Պետրոսյանը:

Աշխատանքի մյուս ուղղությունը համագործակցությունն է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անհետ կորածների որոնումներ իրականացնող ռուսական կազմակերպությունների հետ: «70 տարի է անցել, եւ դեռեւս որոնումներ են կատարվում, գերեզմաններ են գտնվում: Մենք հարցումներ ենք ուղարկում: Վերջին տարիներին հայտնաբերվել են մի քանի գերեզմաններ: Գերմանիայից եւ Ֆրանսիայից  հաղորդագրություններ ենք ստանում», - ասել է գնդապետ Պետրոսյանը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է վետերանների խնդիրների հանդեպ պետության ուշադրության անհրաժեշտությունը. «Գնալով նրանց թիվն ավելի քիչ է դառնում: Ամեն ամիս հեռանում է 10-15 վետերան: Վետերանները քիչ են մնացել: Ճիշտ կլիներ ավելի շատ ուշադրություն դարձնել նրանց, որպեսզի իրենց  վերջին տարիները վետերաններն ապրեն պատշաճ պայմաններում: Շատերը ապրում են ծանր տնտեսական պայմաններում: Ամենաերիտասարդը 90 տարեկան է»:

Կոմիտեն բարձրացրել է նաեւ թիկունքը պաշտպանողների օգնության հարցը: «Ի վերջո, ճակատը չէր կարող գործել առանց թիկունքի», - եզրափակել է Պետրոս Պետրոսյանը:


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի \NEWS.am