ԱՄՆ Յուտա նահանգի Սենատի նախկին անդամ Բիլ Բարթոնը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

Իր հոդվածում, որը հրապարակվել է spectrum.com կայքում, նա հիշեցրել է, որ 2 տարի առաջ Յուտայի Սենատը թույլ է տվել «գազանաբարո բռնապետության հյուպատոսին մեզ դասախոսություն կարդալ պետության տոլերանտության մասին»:

«Փետրվարին լրացավ բռնապետական Ադրբեջանում առաջին ջարդերի՝ իրենց երկրի հայ քաղաքացիների սպանդի 30 տարին: Յուտային անհրաժեշտ է այս պատմությունն իմանալ, որը տեղի է ունեցել Խորհրդային Միության մայրամուտին, որպեսզի ստախոս լոբբիստները այլեւս երբեք չկարողանան մեզ մանիպուլացնել»,- նշել է Բարթոնը:

Հոդվածում նա մանրամասն ներկայացրել է ջարդերի պատմությունը եւ կոչ արել նաեւ դատապարտել Ադրբեջանի հրահրած ագրեսիան եւ ռազմական հանցագործությունները:

Նրա խոսքով՝ այսօր, ինչպես եւ 30 տարի առաջ Սումգայիթի ջարդերի հետ կապված, աշխարի մեծ մասն անգործության է մատնված, քանի որ Ադրբեջանը մի երկիր է, որը կառավարում է նավթի հաշվին հարստացած բռնապետությունը եւ «լոբբիստներին գնում է ու ազդեցություն գործում մեր ուժային կառույցների վրա»:

«Ամերիկացիները պետք է մշտապես նրանց կողմում լինեն, ովքեր պատրաստ են պայքարել ապրելու, ազատության իրենց իրավունքի եւ իր հայրենիքում երջանկության ձգտման համար: Մենք պետք է ճանաչենք Արցախի ժողովրդի ամբողջականությունն ու անկախությունը եւ խոստանանք, որ Ամերիկան երկար կհիշի անկախության համար իրենց զոհաբերությունը: Մենք պարտական ենք բոլորին, ովքեր ԽՍՀՄ-ում վախի մեջ են ապրել, բոլորին, ովքեր լսել են նախագահ Ռեյգանի խոսքը եւ դրանով որգեշնչված նետել են ճնշումների ու բռնապետության շղթաները: Մենք պարտական ենք Արցախի հայությանը: Յոթ նահանգներ արդեն ճանաչել են Արցախի Հանրապետությունը բանաձեւեր ընդունելով: Մենք պետք է հաջորդը լինենք»,- հայտարարել է նա: