Քառօրյայում զոհված զինծառայողների հարազատները, ընկերներն ու քաղաքացիներն այսօր՝ ապրիլի 2-ին, այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հերոսների շիրիմներին ծաղիկներ դնելու եւ նրանց հիշատակը հարգելու համար: Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Գրիգոր Հարությունյանի մայրը նշեց, որ մինչեւ հիմա էլ չի հավատում, որ որդին զոհվել է, նրա խոսքով, իր որդին բանակում է եւ դեռ ծառայում է:
«Ես չեմ հավատում, որ ինքը մահացել ա, ես մինչեւ հիմա սպասում եմ իր գալուն: Ես գիտեմ, թե ինքը հիմա Ղարաբաղում է ծառայում ու գալու է»,-ասաց նա:
Անահիտ Հարությունյանը պատմեց, որ վերջին անգամ որդու հետ խոսել էր 2016թ. մարտի 31-ին. «Ապրիլի 2-ին քնած ժամանակ նրա ձայնն եմ լսել, օգնություն էր կանչում: Հետո որոշ ժամանակ անց համացանցում տեսանք լուսանկարը, իմացանք որ զոհվել է»:
Ապրիլյան պատերազմի հերոս Գրիգոր Հարությունյանի փոքր եղբայրն այժմ ծառայում է բանակում. տիկին Անահիտը հպարտությամբ է նշում. «Եղբոր հերոսական ոգին նրա մեջ է մտել, շատ լավ է ծառայում ու գոհ է»:
Ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր նաեւ հոգեհանգստյան կարգ կատարվեց քառօրյայում զոհված հերոսների հոգու խաղաղության համար:











