Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է բնակչությանը Թուրքիայից ներկրվող սննդամթերքների մի շարք տեսակներում վնասակար նյութերի պարունակության մասին:

Ինչպես նշվում է  գործակալության՝ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված հայտարարության մեջ, Թուրքիայի սննդամթերքի, գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարությունը այս երկրի տարածքում արտադրվող սննդամթերքի հետ կապված հետաքննություն է անցկացրել: Պարզվել է, որ 173 արտադրողների 282 անուն սննդամթերքներում պիտակի վրա չնշված սննդային հավելումներ են հայտնաբերվել, որոնք վնասակար են մարդու առողջության համար:

Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությունը կազմել է Թուրքիայից Ադրբեջան ներկրվող ենթադրյալ ապրանքների ցուցակը: Ցուցակում նշված սննդամթերքներից 17-ը մսամթերք է, 40-ը՝ կաթնամթերք, 15-ը՝ մեղր, 40-ը` բուսական յուղ, մեկական՝ թեյ, համեմունքներ եւ էներգետիկ ըմպելիքներ, 4-ը՝ շոկոլադ, 4-ը՝ ոչ ալկոհոլային խմիչք, 13-ը՝ սննդային հավելումներ:

Գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին չգնել նշված ապրանքները: Միեւնույն ժամանակ, գործակալությունը չի նշում, թե կոնկրետ որ ապրանքների ու ապրանքանիշների մասին է խոսքը: