Կառավարությունն այսօր՝ հունվարի 13-ին կայացած իր նիստում հաստատել է  գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները։ Այդ առթիվ ներածական խոսքով հանդես է եկել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Որպես ուղենիշային առաջնահերթություն նա առանձնացրել է տնտեսության դիվերսիֆիկացումը։ Այդ առումով առաջին հերթին առանձնացվել է կենսաթոշակային բարեփոխումը, որն առնչվում է բոլոր ոլորտների հետ, երկարաժամկետ է եւ շատ ռեսուրսներ է խլելու։

Հաջորդ կարեւորագույն բարեփոխումը ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն է։  «2011թ. այդ առումով բեկումնային է լինելու, որովհետեւ կձեւավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուցիոնալ կառույցները։ Դա ենթադրում է, որ հազարավոր մարդիկ առնչվելու են այս համակարգի հետ, եւ նոր մտածողություն է ներդրվելու այս ոլորտում՝ բավական լուրջ հետևանքներով»,- ասաց Տ. Սարգսյանը։

Հաջորդ կարեւոր նորարարությունը լինելու է այն, որ առաջին անգամ մշակվելու է արդյունաբերական արտահանման համալիր ծրագիր։ Դրանում նկարագրված են լինելու արտահանող ճյուղերն՝ ըստ ձեռնարկությունների։

Մյուս կարեւոր առաջնահերթություններն են լինելու գյուղատնտեսությունը, առողջապահությունը եւ կրթական համակարգը։