Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում այս պահին քննչական գործողություններ են ընթանում։

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե, նախնական տվյալներով, պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը: 

«Հանգամանքները պարզվում են, հանրությանը տեղյակ կպահենք։ Նախնական պատճառը բալոնի պայթյունն է։ Վերջնական պարզ կլինի փորձաքննության արդյունքում։ Կարծում եմ ճնշման հետ կապված խնդիր պիտի լինի»,- նշել է նա։

ԱԻՆ փոխանցմամբ, ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Ականատեսների վկայությամբ, տուժածների մեջ Իրանի քաղաքացիներ կան, իսկ տուժածներից երեքը անչափահասներ են եղել։