Լիբանանում հունվարի 12-ի երեկոյան հրաժարական ներկայացրած 11 նախարարների թվում է նաեւ ՀՅԴ անդամ Աբրահամ Դեդեյանը, ով 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:

Նշենք, որ շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեության քաղաքականացման դեմ:

Հրաժարականին նախորդել են «Հըզբոլահ»-ի եւ դաշնակից ուժերի ղեկավարների մի քանի ժամ տեւած խորհրդակցությունները, որոնց մասնակցել է նաեւ ՀՅԴ Լիբանանի կառույցի ղեկավար Հովիկ Մխիթարյանը:

Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլահ»-ի անդամների վրա:

Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամավոր Հակոբ Բագրատունին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ դատարանի գործունեության հետ կապված իրոք լուրջ վերապահումներ կան:

«Մենք առաջիններից էինք, որ 2005-ի ապրիլին հայտարարեցինք Հարիրիի սպանության հետաքննությունն իրականացնելու համար միջազգային ատյան ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ ատյանը, մեր կարծիքով, պետք է հստակ պատասխան տար` ով է սպանել նախկին վարչապետին եւ ովքեր են կանգնած այդ սպանության հետեւում: Դրա հետ մեկտեղ, մենք կարծում էինք, որ չպետք է խախտվեր Լիբանանի գերիշխանությունը: Եվ եթե հինգ տարի առաջ ակնկալվում էր, որ միջազգային դատարանը լիարժեք անկողմնակալ մի մարմին կդառնա, ապա այսօր այն կորցրել է իր վստահությունը», - ասել է Բագրատունին:

Լիբանանի Սահմանադրության համաձայն` նախարարների ընդհանուր կազմի մեկ երրորդի հրաժարականից հետո կառավարությունը ավտոմատ կերպով դադարեցնում է գործունեությունը: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը, սակայն, գործող վարչապետ Սաադ Հարիրիին խնդրել է շարունակել պաշտոնավարումը` մինչեւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:

Ինքը Սաադ Հարիրին նախարարների հրաժարականի մասին լուրն իմացել է Վաշիգտոնում: Անցած գիշեր Լիբանանի կառավարության ղեկավարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ` ստանալով պաշտոնական Վաշինգտոնի լիակատար աջակցությունը:

Լիբանանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել նաեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Պարսից ծոցի երկրներում:

«Այն, ինչ կատարվեց, Լիբանանում եւ Լիբանանի սահմաններից դուրս գործող ուժերի ակնհայտ փորձն է` խաթարել երկրի առաջընթացն ու կայունությունը, խոչընդոտել արդարության հաստատմանը», - նշել է Քլինթոնը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Լիբանանի վարչության անդամ, նախկին պատգամավոր Եղիա Ջերեջյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ այս պահին քաղաքական ճգնաժամից մի քանի ելքեր են նշմարվում:

«Իրավիճակը բավական բարդ եւ լարված է: Մի քանի ելք կարող է լինել ստեղծված կացությունից, որ այսօր շրջանառվում է: «Հըզբոլա»-ն կարող է իրեն դաշնակից ուժերի հետ կառավարություն կազմել: Կարող է ստեղծվել նաեւ մի իրադրություն, երբ բավական երկար ժամանակ կառավարություն չի ձեւավորվում: Հրաժարական ներկայացրած կառավարությունը մենք արդեն իսկ կոչում ենք ընթացիկ գործեր տնօրինող կառավարություն: Այդ կառավարությունը, սակայն, չի կարող քաղաքական որոշումներ կայացնել: Վաղն արդեն Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը քաղաքական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ կսկսի` ուղղված ճգնաժամի հաղթահարմանը», - ասել է Ջերեջյանը: