Հայաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերին եւ դեկտեմբերին չի երկարաձգել Վլադիվոստոկում եւ Պովոլժիեում Հայաստանի պատվո հյուպատոսների լիազորությունները:

Պատվո հյուպատոսների նշանակումն իրականացվում է համապատասխան արարողակարգով, իսկ դա որոշակի ժամանակ է պահանջում: Այդ մասին «Երկրամաս» թերթին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը,  Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս Արտաշես Չիլինգարյանը 2010թ. դեկտեմբերի 1-ից դադարեցրել էր իր լիազորությունները:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ,  Չիլինգարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 1-ին:

Նշենք, որ ըստ ուկրաինական «URA.Ru» կայքի, Արտաշես Չիլինգարյանը, ով Պետդումայի պատգամավոր, հայտնի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի ազգականն է, հետ է կանչվել դեռ դեկտեմբերի 29-ին: Ըստ աղբյուրի, նա քիչ էր զբաղվում միջազգային հարցերով, փոխարենը մասնակցելով հայ համայնքի մեջ տեղի ունեցող տարատեսակ բախումներին: