«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քայլարշավի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հոդվածին, որտեղ Մարուքյանը հնարավոր է համարել Ծառուկյան դաշինքի իշխանություն դառնալը, իսկ ընդդիմության մենաշնորհը մնալու է «Ելք»-ին. այս դեպքում, ըստ Մարուքյանի՝ իշխանությունը ԵԼՔ-ին պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններ, ինչպես նաեւ ԿԸՀ-ում, ՍԴ-ում, ԲԽԴ-ում, ՏՄՊՊՀ-ում, Կենտրոնական բանկում եւ այլ կառույցներում ընդդիմությունը պետք է անդամներ ունենա, որն էլ իշխանությանը վերահսկող այլընտրանք է: Նիկոլ Փաշինյանը իր գործընկերոջը պատասխանել է ՝ հիշեցնելով իշխանությունում բազմաթիվ լծակներով ՕԵԿ–ի եւ ՀՅԴ–ի ձախողված փորձը։
«Այս պահին մենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ունենք ներկայացուցիչ՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի եւ ի հեճուկս սրա, Հանրապետական կուսակցությանը հաջողվում է այնպիսի օրենսդրական փոփոխություններ սղղացնել, որ չենք էլ հասցնում հետեւել: Պարոն Մարուքյանն իր հոդվածում հիշել էր նաեւ ՍԴ-ի մասին օրենքը, Դատական օրենսգիրքը, եւ այդ փաստերի արձանագրումը պետք է ակնհայտ դարձնի, որ Հայաստանն ընթանում է այլ ճանապարհով եւ չի կարող իշխանությունը որեւէ քայլ անի, եթե կա հասարակական ճնշում: Եթե մենք իշխանություններից զիջումներ կորզելու տրամաբանության մեջ ենք աշխատում, ուրեմն դրա համար եւս պետք է հասարակական ճնշում, եթե մենք սա ասում ենք առանց հասարակական ճնշումների, ապա սա նշանակում է իշխանության հետ կուլիսներում պայմանավորվածության տրամաբանության մասին, ինչը չի կարող «Ելք» դաշինքի համար ընդունելի լինել: Ես, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, կոչ եմ անում իմ գործընկերներին՝ զերծ մնալ նման հայտարարություններից»,-ասել է Փաշինյանը։ Վերջինս շեշտել է, որ թույլ չի տա, որ ստեղծվի տպավորություն, թե դաշինքը իշխանությունների հետ պայմանավորվածությունների մեջ է:




























