Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրորդ անգամ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ, պրոռեկտոր Վարդան Սարգսյանը խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ՀՀ օրենսդրությամբ բուհի խորհրդի նախագահի ընտրությունը կարող է իրականացվել եւ բաց քվեարկությամբ, եւ փակ գաղտնի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվեց ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունը իրականացնել փակ գաղտնի քվերակությամբ:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած ՀՊՏՀ խորհրդի 26 անդամները միաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ ընտրեցին Հովիկ Աբրահամյանին:





























