Այն զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումները, որոնք սկսվեցին 21 տարի առաջ Ադրբեջանում, շատ են հիշեցնում Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի եւ նախորդ դարի կեսերին նացիստական Գերմանիայի կողմից կատարված դեպքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Բոլորին է հայտնի, թե ինչ ճակատագիր ունեցավ ֆաշիստական կայսրության ղեկավարը եւ Ադրբեջանը պետք է համապատասխան հետեւություններ անի պատմությունից»,- ասաց նա: Միաժամանակ նա ընդգծեց միջազգային հանրության կողմից Ադրբեջանի կատարած գազանություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

«Ադրբեջանը պետք է պատասխան տա իր կատարած հանցագործությունների համար, մենք պետք է բացենք միջազգային հանրության աչքերը եւ ցույց տանք ադրբեջանական սուտը»,- հայտարարեց Շարմազանովն, ընդգծելով, որ քարոզչությունն այդ ուղղությամբ վերջին տարիներին նկատելիորեն ակտիվացել է եւ դրա արդյունքներն սկսում են տեսանելի դառնալ:

Նշենք, որ 21 տարի առաջ հունվարի 14-19-ը Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր: Նախօրոք հայերի բնակարանների տեղերը ճշտած գազազած ամբոխը մտնում էր հայերի տներն ու գազանաբար սպանում նրանց: