Facebook-ը հեռացրել է ավելի քան 270 էջ ու հաշիվ, որոնք կապված են ռուսական «Ինտերնետ հետազոտությունների գործակալության» հետ, փոխանցում է Meduza-ն: 

Սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ հեռացված էջերն ուղղորդված էին ռուսաստանցի օգտատերերին եւ Ռուսաստանին հարեւան երկրների ռուսախոս լսարանին, այդ թվում՝ Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի:

Facebook-ի տեղեկություններով՝ էջերից մի քանիսը պատկանում էին լրատվական պարբերականների, սակայն նույնպես կառավարվում էին ռուսական «տրոլների ֆաբրիկայի» կողմից: Մասնավորապես՝ արգելափակված պարբերականներից մեկը Facebook-ում մոտ մեկ միլիոն բաժանորդ ուներ եւ մոտ 500 հազար բաժանորդ «Ինսթագրամում»:

Դրանից բացի, Facebook-ը խոստացել է առաջիկայում հատուկ հավելված թողարկել, որն օգտատիրոջը թույլ կտա ստուգել՝ ինքն արդյոք «տրոլների ֆաբրիկայի» հետ կապված հաշիվների բաժանորդ է: