Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձեւավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարեն Կարապետյանը կարեւորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:

Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում  թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ: Ռոնալդ Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման եւ այս բնագավառում իրենց հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: