Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպության` այսօր՝ հունվարի 13-ին  հրապարակած տարեկան զեկույցում Հայաստանը նախկինի նման համարվել է «մասամբ ազատ երկիր»:

Ըստ այդ զեկույցի, ամբողջ աշխարհում ազատության ընդհանուր մակարդակն ընկել է, հաղորդում է The Foreign Policy-ն: Այդ միտումը նկատվում է արդեն 5 տարի, ինչը վերջին 40 տարում ազատության մակարդակի նվազման ամենաերկար ժամանակն է:

2010-ին 25 երկրներում ժողովրդավարության մակարդակը նվազել է աննշան չափով, իսկ ոչ ժողովրդավարական ռեժիմները տարվա ընթացքում այդպես էլ լուրջ հակազդեցության չեն հանդիպել ժողովրդավարական աշխարհի կողմից:

«Ազատությունն աշխարհում-2011» զեկույցի համաձայն, Հայաստանը կրկին մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում, որտեղ գտնվում է 2002-ից: Հենց այդ տարի Հայաստանում փակվեց «Ա1+»-ը:

Ժողովրդավարության եւ իրավունքների առումով, ամենամեծ խնդիրները շարունակում են մնալ Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Լիբիայում ու Սուդանում:

Freedom House-ը 1972-ից ի վեր ուսումնասիրում է աշխարհի շուրջ 200 երկրներ եւ դրանք դասակարգում «ազատ», «մասամբ ազատ» եւ «ոչ ազատ»` 7 բալանոց համակարգով` գնահատելով քաղաքական իրավունքի դրսեւորումն ու քաղաքացիական ազատությունների պաշտպանվածությունը: Այդ սանդղակում մեկ միավորը ամենալավ ցուցանիշն է, իսկ 7-ը` ամենավատը: Մասամբ ազատ են այն երկրները, որտեղ «կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական հակամարտություններ եւ առկա է այնպիսի քաղաքական միջավայր, որում մեկ կուսակցությունն է իշխում` չնայած բազմակարծության որոշակի մակարդակի»:
Արդեն 3-րդ տարին է, որ Հայաստանն ստանում է 6 բալ՝ քաղաքական ազատությունների մասով եւ 4 բալ՝ քաղաքացիական ազատությունների մասով:

«Մասամբ ազատ» երկրների շարքում են նաեւ Վրաստանը, որն ունի համապատասխանաբար 4 եւ 3 բալ:

Ադրբեջանը, Ռուսաստանն ու Իրանը հերթական անգամ համարվել են «ոչ ազատ» երկրներ: