Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 13-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մի շարք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների:
Այդ մասին NEWS.am հայտնեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասին զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:
Մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման մասին զեկույցով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Այդ աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար նախագահը հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Քննարկվել են նաեւ Ստեփանակերտում գործող մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման խնդիրները:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:





























