2011 թվականին աշխարհում տնտեսական աճի լոկոմոտիվ երկրներն, ամենայն հավանականությամբ, կլինեն Հնդկաստանն ու Չինաստանը: Նման եզրահանգումների են հանգել Համաշխարհային բանկի փորձագետները, որոնք իրենց զեկույցը հրապարակել են այսօր՝ հունվարի 13-ին:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ՀԲ մասնագետներն ակնկալում են, որ Չինաստանի ՀՆԱ-ն 2011-ին կաճի 8,7, իսկ 2012-ին՝ 8,4 տոկոսով:
Հնդկաստանի ՀՆԱ-ն 2011-ին կաճի 8,4, իսկ 2012-ին՝ 8,7 տոկոսով: Ռուսաստանի դեպքում այդ ցուցանիշները կկազմեն 4 եւ 4,2 տոկոս, Բրազիլիայի համար՝ 4,4 եւ 4,3 տոկոս:
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այս տարի սպասվում է տնտեսության 2,8 տոկոսի աճ, եվրոյի գոտում՝ 1,4 տոկոսի, Ճապոնիայում՝ 1,8 տոկոսի տնտեսական աճ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ զարգացած երկրները դեռ պետք է շարունակեն պայքարը ճգնաժամի հետեւանքների վերացման ուղղությամբ, իսկ զրգացող երկրներից շատերն արդեն հաղթահարել են այդ հետեւանքները:
ՀԲ տվյալներով, ԱՊՀ-ում տնտեսական աճի ցուցանիշով առաջատարները 2010-ի համար եղել են Թուրքմենստանը (11,7 տոկոս), Ուզբեկստանը (8 տոկոս) եւ Բելառուսը (7 տոկոս):
Հայաստանի համար Համաշխարհային բանկի մասնագետները կանխատեսում են, որ 2011-ին տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս, իսկ 2012-ին՝ 4,9 տոկոս: Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է իր հարեւան երկրներին՝ Վրաստանին (4 եւ 4,7 տոկոս) եւ Ադրբեջանին (3,5 եւ 3,9 տոկոս):




























