Թերթն անդրադառնում է իր նախօրեին տպագրված հոդվածին`Համբուրգում երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցած վիճաբանության, այդուհետեւ հրազենից թիկունքից վիրավորված 39-ամյա հայի մասին եւ նոր մանրամասներ հաղորդում:

Հունվարի 11-ին ժամը 20.40-ին Համբուրգի Լոհբրյուգգեի սպորտային կենտրոններից մեկում, որը նաեւ ժամանցի վայր է, վեճ է սկսվել արական սեռի 17 ներկայացուցիչների միջեւ, որն ավարտվել է կրակոցներով:

«Համբուրգեր մորգեն փոստի» տեղեկություններով, երկու խմբավորումները, որոնց ներկայացուցիչները ծագումով Հայաստանից են, թշնամացած հարաբերություններ են ունեցել: Կենտրոնի մենեջերը պարզաբանել է, թե մի խումբն իրենց ծանոթ է եղել, նրանք հաճախ են այցելել կենտրոն ֆուտբոլ խաղալու: Նրանց առաջարկվել է հանգիստ զրուցելու համար հավաքվել պոկերի սենյակում: Բայց հանգիստ զրույցի փոխարեն դրությունը սրվել է: Լսվել են կրակոցներ:

Ոստիկանության տվյալներով, թիկունքից մահացու վիրավորված 39-ամյա Վաչագան Վ.-ն հարել է խմբավորումներից մեկին եւ արդեն ծանոթ է եղել ոստիկանությանը, ըստ այլ աղբյուրի` գողություն կատարելու փաստով: Գետնին պառկած վիրավորին թողնելով մենակ, մյուսներն արագ փախուստի են դիմել պատուհանից, ըստ ականատեսների 5 ավտոմեքենայով ճողոպրել դեպքի վայրից:

Վիրավոր Վաչագան Վ.-ին շտապ վիրահատել են: Ըստ հիվանդանոցի խոսնակի, նրա վիճակը կայուն է, բայց ծանր, արհեստական շնչառություն են տալիս: Նրան դեռ չեն հարցաքննել` ի վիճակի չէ խոսել: Առայժմ հայտնի չեն ոչ մասնակիցների անունները, ոչ էլ կռվի շարժառիթները:

Պոկերի սենյակում իրավապահ մարմինները հայտնաբերել են 9 մմ փամփուշտ, 9 մմ փամփշտապարկուճ, տարբեր չափերի մի շարք այլ պարկուճներ: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված է եղել, ժապավենը հանձնվել է քննության, փնտրվում են վկաներ: