Facebook սոցիալական ցանցը Cambridge Analytica բրիտանական ընկերության շուրջ սկանդալի առնչությամբ խոստացել է այսուհետ երբեք ոչ մեկին չվաճառել իր օգտատերերի անձնական տվյալները: Համապատասխան հայտարարությունը հրապարակված է ընկերության Facebook-ի էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայտարարությունը ստորագրել են ընկերության փոխնախագահներ Էրին Իգանը եւ Էշլի Բերինջերը:
«Մենք երբեք չենք վաճառի ձեր տվյալները որեւէ մեկին: Մենք պատասխանատվություն ենք կրում անձնական տեղեկատվության ամբողջական եւ անվտանգ պահպանության համար, եւ մենք խիստ սահմանափակումներ ենք ստեղծում, թե ինչպես կարող են մեր գործընկերները օգտագործել եւ բացահայտել տվյալները», - ընդգծել են փոխնախագահները: Նրանք խոստացել են հետագայում ավելի մանրամասն քննարկել այս թեման եւ պատասխանել օգտատերերի հարցերին:
Նրանք նաեւ հավաստիացրել են, որ սոցցանցը գովազդատուների հետ չի կիսվում եւ չի կիսվի օգտատերերի անձնական տվյալներով:
«Տվյալների կառավարման ոլորտում մեր նոր քաղաքականությունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք որոշում, թե որ գովազդը ձեզ ցուցադրենք», - ասվում է հայտարարության մեջ:»




























