Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Քարվաճառի սահմանին մառախուղի պատճառով 2 հայ զինծառայողներ մտել են ականապատված տարածք եւ լուրջ վնասվածքներ ստացել ականի պայթյունից։

ՊՆ-ն այս առթիվ հաղորդագրություն չի տարածել, սակայն երեկ թերթի հարցմանն ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայմանագրային զինծառայողներ Միհրան Առաքելյանն ու Վահան Մարգարյանը։

Նրանք այժմ գտնվում են զինվորական հոսպիտալում։ Որոշ տեղեկություններով՝ պայթյունի արդյունքում եղել է նաեւ անդամահատում։ «Վիճակը միջին ծանրության է, ապաքինվում են։ Այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,-ասել է Դավիթ Կարապետյանը։ Զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։