ԱՄՆ դատախազությունը 15 տարվա ազատազրկում է պահանջել թուրքական Halkbank-ի փոխտնօրեն Մեհմեդ Հաքան Աթիլլայի համար, ով ավելի վաղ մեղադրվում էր ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին օգնելու փորձի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Sabah-ը:

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 50-ից մինչեւ 500 հազար դոլարի չափով տուգանք վճարել: Ավելի վաղ բանկիրին ներկայացնող փաստաբանները դատավորին կոչ էին արել սահմանափակել պատժաչափը՝ մինչեւ հինգ տարի ազատազրկման տեսքով:

Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազի պաշտոնակատար Ջուն Քիմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ատենակալների ժյուրին Աթիլային մեղավոր էր ճանաչել ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու նպատակով Իրանին օգնելու փորձի համար: ԱՄՆ-ի իշխանություններն անցյալ տարվա մարտին ձերբակալել էին Թուրքիայից ժամանած Աթիլային: Նա մեղադրվում է ԱՄՆ-ում նախկինում ձերբակալված թուրք-իրանական գործարար Ռեզա Զարաբի հետ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խախտմամբ բազմամիլիոնանոց գործարքների կնքման նպատակով դավադրության մեջ մտնելու համար:

Զարաբը ցույց էր տվել, որ 50 մլն դոլար կաշառք է վճարել Թուրքիայի ֆինանսների նախարարին այդ գործարքի իրականացման համար: Զարաբը նաեւ վկայություններ է տվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի դեմ՝ հայտարարելով, որ նա, հավանաբար, գիտեր դավադրության մասին:

Էրդողանը ԱՄՆ-ում ընթացքող դատավարությունը հեղաշրջման նոր փորձի քաղաքական բաղադրիչ է անվանել: Հաղորդվում է, որ Աթիլլայի դատավճիռը կկայացվի ապրիլի 11-ին: