«Ռուսաստանի փոստ»-ի մասնագետները «Շերեմետեւո» օդանավակայանում փոստի վերամշակման ավիացիոն բաժնում Չինաստանից ուղարկված ռադիոակտիվ ծանրոց են հայտնաբերել: Դաշնային փոստային օպերատորի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծանրոցում միներալներ են եղել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Վտանգավոր ճառագայթման աղբյուրը Չինաստանից Մոսկվա ուղարկվող ծանրոցն էր: Այն անմիջապես մեկուսացվել է մնացած ուղեբեռից եւ տեղադրվել պաշտպանական բեռնարկղի մեջ: «Ռուսաստանի փոստ»-ի անվտանգության աշխատակիցները «Ռադոն» դաշնային պետական ուլիտար ձեռնարկության մասնագետների հետ միասին ուսումնասիրել են ծանրոցը: Այնտեղ միներալներին նման առարկաներ են եղել»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա՝ ծանրոցի տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին, իսկ մյուս ծանրոցների ճառագայթման մակարդակը նորմայի մեջ է:




























