Facebook-ը սկսել է ջնջել հաղորդագրությունները, որոնք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ուղարկել է այլ օգտատերերի: Մի քանի մարդ, անհայտ մնալու պայմանով, TechCrunch-ին պատմել է, որ իրենց չաթերում այլեւս չեն կարողանում գտնել հաղորդագրությունները, որոնք ստացել են Ցուկերբերիգից: Ըստ որում՝ հաղորդագրությունները ստանալու մասին իրազեկումները պահպանվել են էլեկտրոնային փոստում, փոխանցում է Meduza-ն:
Facebook-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ 2014 թվականից ընկերության բարձրագույն ղեկավարության հետ հաղորդակցության քաղաքականությունը փոխել են, որը պայմանավորված է Sony Pictures-ի ղեկավարության հետ նամակագրության հրապարակմամբ:
«Ի թիվս այլոց՝ սահմանափակվել է Messenger-ում Մարկ Ցուկերբերգից ստացած հաղորդագրությունների պահպանման ժամանակահատվածը»,- հայտարարել են սոցցանցի ներկայացուցիչները: TechCrunch-ի տեղեկություններով՝ սա առնչվել է նաեւ ընկերության այլ թոփ-մենեջերներից ստացած հաղորդագրություններին:




























