Ապրիլի 5-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված  միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի եւ նրա անցած ազգային վերածննդի ուղու կարեւորությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը եւ հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների եւ սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների եւ ազատությունների, եւ կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն  դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին  2 անկախ հայկական պետություններ։

Մասիս Մայիլյանը նաեւ ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ:

Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Արցախում նկարահանված «Յակովի հողը»  ֆիլմի ցուցադրությունը եւ նկարիչներ Յուրի Գրիգորյանի եւ Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին եւ Յուրի Գրիգորյան-կրտսերին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը  շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին եւ Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։

Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։