Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի հարաբերությունները տվյալ փուլում շատ ցածր մակարդակի վրա են գտնվում։ Այս մասին ապրիլի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
Նրա կանխատեսմամբ՝ այդ իրավիճակը ավելի կխորանա. «Այն կարող է Հայաստանին շատ լուրջ հարված հասցնել։ Մասնավորապես, լուրջ վնասներ կարող են կրել մեր շահերը»,–նշել է քաղաքագետը։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը փորձում է մերձենալ ԱՄՆ–ի հետ, սակայն դա բավական չէ։ Փորձագետը դժգոհել է, որ Հայաստանը, փաստացի, ամբողջովին կախված է ռուսական տնտեսությունից եւ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրից։ Եվ դա, նրա գնահատմամբ, կարող է Հայաստանին դնել ամերիկյան պատժամիջոցների հարվածի տակ, իսկ Երեւանը իրեն այդպիսի բան թույլ տալ չի կարող։
Մարտիրոսյանի խոսքով, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը շատ անկեղծ է իր հայտարարություններում՝ ի տարբերություն մյուս քաղաքական գործիչների, քանի որ գործարար է։ Օրինակ, Թրամփը զգուշացրել է, որ կոշտ կարձագանքի այն երկրներին, որոնք Իսրայելի հարցում կկանգնեն ԱՄՆ շահերի եւ քաղաքականության դեմ։ Քաղաքագետի խոսքով, եթե Ֆրանսիայի, Բրիտանիայի կամ մյուս պետությունների այդպիսի դիրքորոշումը Վաշինգթոնը կարող է ներել, ապա Հայաստանին կամ նրա նման պետություններին դա չի վերաբերում։



























