Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Telegram-ը հարմար միջոց է համարում լրագրողների հետ շփման համար, սակայն դրան այլընտրանք կորոնի, եթե մեսենջերը փակվի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Շատ մեսենջերներ կան, Telegram-ը շատ հարմար է, իսկապես, մենք օգտագործում ենք այն այդ թվում նաեւ լրագրողների հետ շփման համար», - ասել է Կրեմլի մամուլի քարտուղարը` պատասխանելով լրատվամիջոցների հարցերին: Նա խոստովանել է. «Շատ ցավալի կլինի, եթե համաձայնություն ձեռք չբերվի (Telegram-ի ղեկավարության եւ վերահսկիչ մարմինների միջեւ), իսկ մինչ այդ, որքանով որ հասկանում ենք, համաձայնություն չկա»: «Բայց օրենքը օրենքն է, եւ եթե այն հարգվի եւ համապատասխան քայլեր ձեռնարկվեն, մենք այլընտրանք կփնտրենք, որը լավագույնս կհամապատասխանի է մեր պահանջներին», - ընդգծել է Պեսկովը:

Ինչպես հայտարարել է Telegram-ի փաստաբան Ռամիլ Ախմետգալիեւը, մեսենջերը տեխնիկական հնարավորություններ չունի Անվտանգության դաշնային ծառայությանը նամակագրության բանալիները տրամադրելու համար եւ չի պատրաստվում կատարել այդ պահանջները՝ դրանց հակասահմանադրականության պատճառով:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, «Ռոսկոմնադզոր»-ը դատական հայց էր ներկայացրել Telegram-ի դեմ՝ օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար բանալիների՝ նախատեսված ժամկետում չտրամադրման համար: