Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի մերձեցումը չի կարող լուրջ ազդեցություն գործել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ապրիլի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Սակայն, նրա խոսքով, հայկական կողմն ամեն դեպքում պետք է զգոն լինի եւ ուշադիր հետեւի այս գործընթացին. «Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է պահպանել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը, ինչպես նաեւ զարգացնել հարաբերությունները Իրանի հետ։ Նաեւ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերությունների զարգացումը  եւ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը, որը թույլ կտա որոշակի կանխատեսելիություն ապահովել»,–նշել է նա։ 

Խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող Ս-400 համալիրների մասին՝ նա նշել է, որ Անկարային հաջողվել է հերյուրանքը իրականության վերածել։ «Ընդհանուր առմամբ, բավականին բարդ է հասկանալ՝ ինչի համար է այն անհրաժեշտ Թուրքիային, քանի որ դրանք բավականին թանկ արժեն եւ չափազանց բարդ կլինի  այն նատոյական սպառազինություններին հարմարեցնելը»,–եզրափակել է քաղաքագետը: 

Հիշեցնենք, որ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 4-ին Անկարայում։