Ապագայում Facebook –ը հնարավոր է համարում օգտատերերին հնարավորություն տալ վճարի դիմաց հրաժարվել սոցցանցում գովազդների դիտումից, հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով NBC-ն։

Նրա խոսքով՝ այս պահին օգտատերերի տվյալներն  օգտագործվում են հասցեական գովազդի համար։ «Հիմա սոցցանցի օգտատերերը հնարավորություն չունեն հրաժարվել նրանից, որ պրոֆիլներից իրենց տվյալները հասանելի դառնան գովազդատուներին։ Գուցե դա հնարավոր կլինի որպես վճարովի ծառայություն»,- ասել է Սենդբերգը։

Նա հավելել է, որ օգտատերերը միշտ կամավոր համաձայնել են սոցցանցում իրենց տվյալների հասանելիությանը։

Facebook-ը ապրիլի 4-ին հայտնել է, որ սահմանափակելու է խմբերում ու իրադարձություններում օգտատերերի հրապարակած կամ համօգտագործման տրամադրած անձնական տվյալների հասանելիությունը,։ Մասնավորապես, ընկերությունը խոստացել է, որ կողմնակի հավելվածները չեն կարողանա այլեւս տեսնել ընկերների ցուցակները, խմբերի մասնակիցների ցուցակները ու դրանցում հրապարակված հաղորդագրությունները։ Բացի դրանից Facebook –ը  վստահեցրել է, որ մյուս հավելվածները նաեւ այսուհետ չեն կարողանա  ստանալ օգտատերերի կրոնական, քաղաքական հայացքների, կրթության, աշխատավայրի, անձնական հարաբերությունների մասին տեղեկություններ եւ տեսանյութեր։

Ընկերությունն այդ որոշումը կայացրել է սոցցանցի երեք օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին մարտի վերջին ներկայացված հայցից հետո։ Բացի դրանից, ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին էին  կանչել  Մեծ Բրիտանիայի խորհրդարան՝ այդ հարցով ցուցմունք տալու։ Ցուկերբերգը, սակայն,  խորհրդարան չէր ներկայացել։