Facebook–ը ժամանակավորապես արգելափակել է կանադական AggregateIQ ընկերության էջը, ընկերությունը կասկածվում է Cambridge Analytica–ի հետ կապի եւ տվյալների արտահոսքի սկանդալին մասնակցություն ունենալու մեջ, հաղորդում է  Reuters–ը։

Cambridge Analytica–ի նախկին աշխատակից Քրիստոֆեր Ուայլին, հանդես գալով Բրիտանիայի խորհրդարանի առաջ, հայտնել էր, որ AggregateIQ–ն գումարներ է ստացել մի ընկերությունից, որը կողմ է հանդես եկել Brexit–ի անցկացմանը։

Facebook–ի տվյալներով՝ տվյալների արտահոսքի զոհ են դարձել  Կանադայի 600 հազար օգտատերեր։ AggregateIQ–ը հայտնել է քննիչների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

Բացի այդ, ապրիլի 4-ին սոցիալական ցանցը հայտնել էր, որ բրիտանական Cambridge Analytica մասնավոր ընկերությունը Facebook-ի մոտ 87 միլիոն օգտատիրոջ տվյալների հասանելիություն է ստացել։ Ենթադրվում է, որ հավաքագրված տվյալներն օգտագործվել են 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների եւ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեի ժամանակ: