Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստվում են առաջարկել Սոլսբերիում թունավորված ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային տեղափոխվել ԱՄՆ եւ անունները փոխել: Այս մասյին հայտնում է Sunday Times պարբերականը՝ վկայակոչելով բրիտանական կառավարությունում աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝ բրիտանական MI6 հետախուզության աշխատակիցներն արդեն համապատասխան բանակցություններ են վարել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցների հետ: Պարբերականը այս երկխոսության մանրամասները չի հայտնում, սակայն մեջբերել է իր աղբյուրներից մեկի խոսքը. «Նրանց [Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալներին] նոր անուններ կառաջարկվեն»: Sunday Times-ի աղբյուրները նման որոշումը պատճառաբանել են «Սոլսբերիի միջադեպի զոհերին հետագա հնարավոր մահափորձերից պաշտպանելու» Լոնդոնի ցանկությամբ:
Ինչպես հստակեցնում են Sunday Times-ի զրուցակիցները, Լոնդոնը հույս ունի Սկրիպալների անվտանգությունն ապահովել նրանց «հինգ աչքի» համաձայնագրի (տվյալների հավաքման ծրագիր, որի հիմնական նպատակներից մեկն է ահաբեկիչներին հետեւելը) անդամ երկրներից մեկը տեղափոխելով: ՀԳՎ նախկին գնդապետի եւ նրա դստեր բնակության նոր վայրի հնարավոր տարբերակներից մեկն է ոչ միայն ԱՄՆ-ն, այլեւ Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան: Սակայն իրավիճակին ծանոթ հետախուզությունում Sunday Times-ի աղբյուրը հայտնել է, որ առավել «ակնայտ» է Սկրիպալների ԱՄՆ տեղափոխվելը: «Այնտեղ նրանց սպանելու ավելի քիչ հնարավորություններ կլինեն»,- պարզաբանել է նա՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ Նահանգներում նոր անուններ ստացած Սոլսբերիում թունավորվածներին ավելի հեշտ կլինի պաշտպանել:
Ինչպես նշում են պարբերականի զրուցակիցները, ներկայումս ՀԳՎ նախկին գնդապետը եւ նրա դուստրը արդեն գիտակցության են եկել: Ըստ զրուցակիցների՝ նրանք շուտով կկարողանան շփվել քննիչների հետ: Ըստ որում՝ Ռուսաստանի քաղաքացի Յուլյա Սկրիպալը, ինչպես նշում է Sunday Times-ը, արդեն մերժել է Լոնդոնում ՌԴ դեսպանատան հացումը՝ իրեն եւ հորը հյուպատոսական աջակցություն տրամադրելու մասին: Այս քայլը, ինչպես շեշտում է պարբերականը, բրիտանական իշխանություններին համոզել է, որ նա կարող է ընդմիշտ Արեւմուտք տեղափոխվել:




























