Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեր ջանքերի առաջնահերթություններից մեկն է հետխորհրդային տարածքում: Այս մասին  հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ, որ այն տարիների աշխատանքից ոչինչ չի կորչել: Թեեւ, իհարկե, այս ընթացքում որոշ նոր գաղափարներ են հայտնվել, որ համանախագահներն այժմ առաջ են տանում կողմերի հետ շփումների միջոցով: Ամենակարեւորն անվստահությունից հեռանալն է, ինչը դեռ երբեմն շարունակվում է դրսեւորվել բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ գաղափարների վրա», - ասել է ռուս դիվանագետը: Ըստ Լավրովի՝  անհրաժեշտ է միայն այդ «գաղափարները» տեղափոխել թղթի վրա:

                    

«Կողմերը համակարծիք են այդ անելու անհրաժեշտության հարցում, սակայն երբ ամեն ինչ սկսվում է կոնկրետ ձեւակերպումներ ստանալ, ինչպես տեղի է ունենում այլ իրավիճակներում, դժվարություններ են առաջանում: Կարծում եմ, որ մենք կշարունակենք հետեւողականորեն հաղթահարել դրանք եւ արդյունքների հասնել», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը հիշեցրել է, որ այս ուղղությամբ ակտիվ աշխատանք էր իրականացվում 2009-2011 թվականներին: Այն ժամանակ հաջողվել էր Ռուսաստանի պետության ղեկավարի միջնորդությամբ  մի շարք հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:

Լավրովի խոսքով՝ նույնիսկ այն փաստը, որ 2011 թվականին Կազանում կայացած գագաթնաժողովին չհաջողվեց համաձայնության հասնել, չի նվազեցնում կատարված աշխատանքների կարեւորությունը: «Գագաթնաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր եւ մեկնաբանություններ ի հայտ եկան: Այդպես լինում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք համարում», - եզրափակել է նա: