Վորոնեժում մարտի 20-ին վթարված հայկական ավտոբուսի վարորդը կալանավորվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «ՄԱՆ-ՏՈՒՐ» ընկերությունից, որին պատկանել է վթարված ավտոբուսը:

Նրանց փոխանցմամբ, դեպքով հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում: Ավտոբուսի մյուս վարորդը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, ապաքինվել է եւ արդեն Երեւանում է:

Նշենք, որ վթարից հետո ռուսական կողմը հայտարարել էր, որ նախնական տվյալով, վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղեմաս դուրս գալն է եղել: Հայկական ընկերությունից մինչդեռ մեզ հայտնել էին, որ վթարի մեղավորը հանդիպակաց եկած մեքենան է եղել

Հիշեցնենք, որ մարտի 20-ին «Դոն» Մ4 ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը բախվել էր բեռնատարին: Զոհվել է 2 մարդ, տուժել 9 քաղաքացի: Վթարի հետեւանքով մահացածներն էին ավտոբուսի ուղեւոր՝ 1978թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը եւ բեռնատարի վարորդը՝ 1961թ. ծնված Ն.Սիոնին:

Ավտոբուսի վարորդներն են եղել 1972թ. ծնված Տիգրան Բաբախանյանը եւ 1974թ. ծնված Արկադի Թադեւոսյանը: